Վրաստանում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՎրաստանում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 18:13-ին՝ Քվեմո Քարթլիի շրջանի Սամեբա գյուղի մոտ, որը Թբիլիսիից 80 կմ հեռավորությամբ է գտնվում։
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 3,9 է կազմել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Փետրվարի 13-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին, 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժը Դմանիսում վնասել է դպրոցի շենքը եւ մոտ 20 տուն։
Ինչպես կանխատեսել էին մասնագետները, առաջին ուժեղ ցնցումից հետո էպիկենտրոնի շրջանում երկրաշարժերը շարունակվել են ամբողջ գիշեր, սեյսմոլոգները եւս վեց ցնցում են գրանցել։
4,5 մագնիտուդով եւ 11 կիլոմետր խորությամբ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, ժամը 22:28-ին՝ նույն վայրում։
Այնուհետ ցնցումների ուժգնությունը 00:14-ին նվազել է մինչեւ 3,1 մագնիտուդ, իսկ վերջին երկրաշարժը՝ 3,5 մագնիտուդով, գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին։