G7-ի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
ԱշխարհՇաբաթ օրը անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ G7-ի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ: Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի հետ սահմանին, ապօրինի բռնակցված Ղրիմում եւ Բելառուսում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության սպառնալից աճով։ Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ռազմական կուտակումը, որը «սառը պատերազմից» հետո ամենամեծ տեղակայումն է եվրոպական մայրցամաքում, մարտահրավեր է համաշխարհային անվտանգությանն ու աշխարհակարգին»,-ընդգծվում է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ ասել էր Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին, G7-ի արտգործնախարարներն ընդգծել են, որ Ուկրաինայի վրա հնարավոր հարձակումը թանկ կնստի Ռուսաստանի վրա, ներառյալ պատժամիջոցների սահմանումը։