Զելենսկին խոսել է Կրեմլի անկանխատեսելիության մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի առաջնորդներ Անջեյ Դուդայի և Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ անհնար է կանխատեսել Ռուսաստանի և նրա կողմից ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գործողությունները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Կարծում եմ, որ դրանք ավելի լուրջ բաներ են, քան եղանակի կանխատեսումը, ուստի չեմ կարող ասել, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությունը, անջատողականները, Ռուսաստանի Դաշնության նախագահի [Վլադիմիր Պուտինի] անձնական որոշումները», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերը «պատրաստ են ամեն ինչի»:
Նա նաև կոչ է արել վերանայել համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը՝ նշելով, որ 1994 թվականին ստորագրված Բուդապեշտի հուշագիրը, որով Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները երաշխավորում էին Ուկրաինայի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի կողմից միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, չի գործում։
«Մենք բացարձակապես համաձայն ենք մեր գործընկերների հետ, որ այս ճարտարապետությունը վերանորոգման կարիք ունի: Ես շատ կուզենայի, որ այս ճարտարապետական համալիրում տեսնեին նաև Ուկրաինան»,- հույս է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Նույն ելույթում Զելենսկին ասել է, որ Կիևը Մոսկվայից սպասում է անվտանգության երաշխիքների։