Ռուսաստանի մոտ բլիցկրիգը չստացվեց. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
ԱշխարհՈւկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ռուսական զորքերի բլիցկրիգի փորձը ձախողվել է։ Այս մասին նա գրել է հինգշաբթի՝ փետրվարի 24-ի երեկոյան, ֆեյսբուքյան իր էջում։
Նա դիմել է նաև ուկրաինացի զինվորականներին.
«Հարգելի գեներալներ, սպաներ, սերժանտներ և զինվորներ, հարգելի մարտական ընկերներ, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին, ով այսօր գտնվում է մեր հողը ռուս օկուպանտից պաշտպանող շարքերում: Շնորհակալություն ձեր ընտանիքին սպասելու համար»,- գրել է Զալուժնին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին վստահության, օգնության և աղոթքների համար։
«Շնորհակալություն մեր բոլոր օտարերկրյա գործընկերներին: Բայց հիմա ժամանակն է աշխատել, ոչ թե քննարկել»,- գրել է Զալուժնին՝ դիմելով օտարերկրյա գործընկերներին։
«Մենք աղոթում ենք մեր զոհված եղբայրների հոգիների և վիրավորներին շուտափույթ ապաքինման համար։ Մենք շարունակում ենք պայքարը։ Անվտանգության և պաշտպանության ողջ ոլորտը արժանի հակահարված է տալիս։ Դժվար է լինելու, բայց մենք դիմադրելու ենք։ Բլիցկրիգը ռուսների մոտ չստացվեց»:
«Ճշմարտությունը մեր թիկունքում է։ Աստված մեզ հետ է։ Եվ Հաղթանակը մերը կլինի»,- ամփոփել է նա։