Լուկաշենկոն և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը և ռուս-ուկրաինական բանակցությունները, հայտնում է բելառուսական Sputnik գործակալությունը։
«Երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի և Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի հիմնական թեման եղել է Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները և դրա հետ կապված՝ պատերազմի և խաղաղության հարցերը» - ասվում է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ «Բելառուսի և Թուրքիայի ղեկավարները մանրամասնորեն քննարկել են ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև այսօր Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցությունները և խաղաղության գործընթացի խթանման շեշտադրումը»։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտնում է Sputnik-ը։
«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ամեն կերպ նպաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, նշել է, որ այդ դիրքորոշումը լիովին համընկնում է բելառուսականի հետ», - հաղորդում է գործակալությունը։
Նաև, Էրդողանը Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Մինսկի դեմ արևմտյան պատժամիջոցները։