Պուտինը հայտնել է՝ որքան փոխհատուցում կստանան զոհված զինծառայողների ընտանիքները
ԱշխարհՈւկրաինայում ռազմական գործողության ընթացքում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքի անդամներին կվճարվի 7 մլն ռուբլի, ինչպես նաև կսահմանվի հավելավճար՝ 5 մլն ռուբլու չափով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների բոլոր անդամները կստանան օրենքով նախատեսված միանվագ նպաստ՝ 7 միլիոն 421 հազար ռուբլի։ Յուրաքանչյուրի ընտանիքին կտրվի նաև ամսական դրամական փոխհատուցում։ Բայց անհրաժեշտ եմ համարում նաև հավելավճար սահմանել ՊՆ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի, գործողությանը մասնակցող զինծառայողներին և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ 5 մլն ռուբլու չափով»,- ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ Նա հավելել է, որ գործողության ընթացքում վիրավորված զինծառայողները կստանան ապահովագրություն և միանվագ նպաստ նաև վնասվածքի, վիրավորումի կամ ուղեղի ցնցման դեպքում։ Եթե պայմանագրով ծառայող զինծառայողը վնասվածքի պատճառով ճանաչվի ոչ պիտանի, ապա նա կստանա միանվագ նպաստ 2 մլն 968 հազար ռուբլու չափով, իսկ հաշմանդամության դեպքում՝ ամսական դրամական փոխհատուցում»։