Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է նրա հետ Թուրքիայում հանդիպելու Վլադիմիր Զելենսկու մտադրությունը, Անկարան կշարունակի աշխատել այդ ուղղությամբ, նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Քալինն ասել էր, թե Զելենսկին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում կամ Անկարայում։
«Մեր նախագահն (Էրդողանը – խմբ.) արդեն այս ուղերձը (Զելենսկու պատրաստակամության մասին – խմբ.) փոխանցել է Պուտինին։ Մենք շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ։ Նման հանդիպման անցկացումը, անշուշտ, դրականորեն կանդրադառնա իրավիճակի վրա։ Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,- Քալինի խոսքերն է մեջբերում TRT Haber-ը։