Կանադան Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»
ԱշխարհԿանադայի խորհրդարանի Համայնքների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»:
Բանաձևում ասվում է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում զանգվածային վայրագություններ է կատարել, գրանցվել են խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր»:
Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր, բանաձևի նախագծի հեղինակ Հիթեր Մաքֆերսոնը հայտարարել է, որ բանաձևի ընդունումն առաջին քայլն է: Նա կոչ է արել սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և ավելացնել Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը:
«Անհրաժեշտ է ֆինասավորել Միջազգային քրեական դատարանի աշխատանքը և ապահովել, որ դատարանն ունենա ռեսուրսներ ու գործիքներ, որոնք անհրաժեշտ են այս ցեղասպանության կազմակերպիչներին և իրագործողներին պատասխանատվության կանչելու համար», - հայտարարել է կանադացի օրենսդիրը:
Ապրիլի 21-ին Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները Ուկրաինայում ռուսական պատերազմը ճանաչեցին որպես ցեղասպանություն։
Լեհաստանի և ԱՄՆ նախագահները նույնպես դատապարտել են ռուսական բանակի կողմից խաղաղ բնակչության սպանությունները՝ դրանք անվանելով ցեղասպանություն, սակայն աշխարհի մի շարք այլ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, ձեռնպահ են մնում նման սահմանումից։
Համաձայն միջազգային իրավունքի, ցեղասպանությունը դիտավորյալ մտադրություն է՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մարդկանց ցանկացած ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբ: