Շոլցը Գերմանիային առաջարկել է պատրաստվել գազի անջատմանը
ԱշխարհԳերմանիան չի բացառում Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցումը, եթե ինչ-որ պահի Մոսկվայում որոշում կայացվի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Քաղաքական գործիչն առաջարկել է չկռահել, թե ինչ որոշում կկայացնի Մոսկվան, քանի որ այդ թեմաներով կարելի է միայն ենթադրություններ անել։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ Բեռլինը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Շոլցի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները հավատարիմ են մնացել այս դիրքորոշմանը նույնիսկ մինչ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինայի տարածք։
Այս հայտարարությունները Շոլցի պատասխանն էին այն հարցին, թե արդյոք նա ակնկալում էր, որ Գերմանիան կարժանանա նույն ճակատագրին, ինչ Լեհաստանն ու Բուլղարիան։ Հիշեցնենք, որ «Գազպրոմը» չեղարկել է գազի մատակարարումն այդ երկրներ այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են դրա դիմաց վճարել ռուբլով:
Կանցլերն ասել է, որ իրավիճակի առարկայական վերլուծությունը Գերմանիային օգնեց հասկանալ, թե ինչպես կարելի է մինչև աշուն դադարեցնել ռուսական ածուխի ներկրումը և ապագայում աստիճանաբար ազատվել գազային կախվածությունից։ Քաղաքական գործիչը նաև նշել է, որ երկիրը պետք է տերմինալներ կառուցի հեղուկ գազ ստանալու համար։ Սա որոշ ժամանակ կպահանջի, խոստովանել է Շոլցը: