Պատժամիջոցները չեն հանվի, քանի դեռ Ռուսաստանը խաղաղության պայմանագիր չի ստորագրել Ուկրաինայի հետ․ Շոլց
ԱշխարհՌուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը խաղաղության համաձայնագիր չի կնքել Ուկրաինայի հետ։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ Ուկրաինան պետք է թելադրի խաղաղության պայմանները։
Շոլցը բացատրել է, որ Վլադիմիր Պուտինը սխալ է հաշվարկել, երբ կարծում է, որ պատժամիջոցները կարճատև են լինելու:
«Նա Ուկրաինայում իր ողջ օպերացիան մինչև վերջ չէր մտածել: Նա չէր կարծում, որ Ուկրաինան այդքան կդիմադրի: Նա չէր կարծում, որ մենք կաջակցենք նրանց, որպեսզի նրանք այսքան երկար դիմադրեն»,- ասել է Շոլցը։
Նա հավելել է, որ Գերմանիան չի ճանաչում Ղրիմը՝ որպես ռուսական տարածք։ «Դա միջազգային իրավունքի խախտում է։ Սա է ճշմարտությունը»,- ասել է կանցլերը։