«Մենք Հայաստանին զենք վաճառելու Հնդկաստանի գործողությունները ոչ բարեկամական քայլ ենք համարում»․ Ալիև
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն կոչնչացնի Հայաստանից բխող սպառնալիքները»։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Ես հայկական կողմին մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ, որ նա փող է վատնում սպառազինության վրա։ Նախ, դա չի օգնի ձեզ (Հայաստան - խմբ․), և երկրորդ՝ կարող է պատրանք ստեղծել որոշ ռևանշիստական ուժերի մոտ, որ կկարողանաք վրեժ լուծել»,- երեքշաբթի ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Նա հավելել է. «Եթե մենք տեսնենք, որ մեզ համար որևէ վտանգ կա, ապա մենք անմիջապես կճնշենք այն՝ անկախ նրանից, թե որտեղից է հայտնվել այդ սպառնալիքը՝ մեր տարածքում, թե մեր սահմաններից դուրս։ Սա մեր օրինական իրավունքն է»:
Անդրադառնալով երրորդ երկրների կողմից Հայաստանին զենք մատակարարելու հարցին՝ Ալիևը նշել է, որ նման փորձեր նկատվում են։ «Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք տալ Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա համարում ենք ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Իհարկե, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։