Թուրքիայի հարավ-արևելքում 3 րոպեն մեկ հետցնցումներ են տեղի ունենում
ԱշխարհԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերից հետո յուրաքանչյուր երեք րոպեն մեկ տեղի են ունենում հետցնցումներ, որոնց թիվը մոտենում է 10,000-ի, շաբաթ օրը ասել է Աղետների կառավարման գրասենյակի ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։
«Հետցնցումները կշարունակվեն առնվազն ևս երկու տարի: Միջին հաշվով, այժմ 3 րոպեն մեկ հետցնցումներ են տեղի ունենում: Երկրաշարժը, որը տեղի ունեցավ այսօր (Նիղդեում - խմբ.) հիշեցնում է մեզ, որ չպետք է մոտենալ վնասված շենքերին», - ասել է Թաթարը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ից ավելի քան 9,5 հազար հետցնցում է գրանցվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է ավելի քան 44 հազար մարդ։