Պետերբուրգում ОМОН–ի աշխատակցի վրա կրակած Տիգրան Խաչիկյանը կալանավորվել է (տեսանյութ)
ՏեսանյութերԿույբիշևի շրջանային դատարանը 2 ամսով կալանավորել է Սանկտ Պետերբուրգում մետրոյի «Гостиный двор» կայարանի մուտքի մոտ ОМОН–ի աշխատակցի վրա կրակած 50-ամյա Տիգրան Խաչիկյանին։ Տեղեկությունը հայտնում է Պետերբուրգի միավորված դատարանների մամուլի ծառայությունը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Կույբիշևի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ քրեական օրենսգրքի 317–րդ հոդվածով (ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Երեկ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մի տղամարդ կրակել է հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) աշխատակցի վրա, որը հոսպիտալացվել է, կրակողը` ձերբակալվել։ Տեղեկություն տարածվեց, որ ենթադրյալ հանցագործը Տիգրան Խաչիկյանն է Ուզբեկստանից, գրանցված է Սանկտ Պետերբուրգում։
Ըստ Պետերբուրգի միավորված դատարանների մամուլի ծառայության` դատարանի դահլիճում Խաչիկյանը հայտնել է, որ բարձրագույն զինվորական կրթություն ունի, սակայն այժմ թոշակի է անցել։ Նախաքննական մարմինը, ներկայացնելով կալանքի միջնորդությունը, մատնանշել է, որ Խաչիկյանը հարում է Ռուսաստանում արգելված «Артподготовка» շարժմանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։