Կրեմլն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու գաղափարին
ԱշխարհԿրեմլում հայտնել են, որ «բարձր են գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաղաղապահ ջանքերը», հաղորդում է Inetrfax-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջարկը՝ Թուրքիայի առաջնորդին խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին։
«Իհարկե, մենք բարձր ենք գնահատում պարոն Էրդողանի ջանքերը, նրա խաղաղապահ գործունեությունը, միջնորդական ծառայություններ մատուցելու նրա փորձերը և նրա վերաբերմունքը ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Պեսկովը։
Բերդիմուհամեդովը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում իր հայտարարության մեջ նշել էր «Էրդողանի ներդրումը՝ տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման ամրապնդման գործում» և ասել, թե իբր Թուրքիայի նախագահը «շատ աշխատանք է կատարում խաղաղ կյանք ապահովելու համար՝ ոչ միայն իր ժողովրդի, այլեւ բոլոր մահմեդական ժողովուրդների համար»:
2022 թվականի դեկտեմբերին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Սենթոփն ասել էր, որ որոշել է Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերում ունեցած ներդրման համար»։