Ռուսաստանն առաջարկում է հետաձգել քառակողմ հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ
ԱշխարհՌուսական կողմն առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը Մոսկվայում, Անկարան համաձայնել է առաջարկին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը հայտնել էր, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում` մարտի 15-16-ը։ Ավելի ուշ թուրքական մեկ այլ հեռուստաալիք հայտնել է, որ հինգշաբթի օրը նախատեսված սիրիական կարգավորման շուրջ պատվիրակությունների հանդիպումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է։
«Ռուսական կողմն առաջարկել է հետաձգել ժամանակացույցը: Հավանաբար նրանք սիրիական կողմի հետ համատեղ որոշում են կայացրել: Հետո նրանք ասացին, որ դա կանեն (հանդիպում կկազմակերպեն) ապագայում, և մենք համաձայնեցինք», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է A Haber հեռուստաալիքը:
Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Հունվարին Անկարան առաջարկել էր, որ նման հանդիպում կարող է կայանալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին։