Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներում
ԱշխարհՄիջուկային հակամարտության ռիսկը ներկայումս ավելի բարձր է, քան եղել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես չեմ ուզում քննարկման մեջ մտնել, թե արդյոք միջուկային հակամարտության հավանականությունն այսօր մեծ է, բայց դա ամեն դեպքում ավելի բարձր է այն ամենից, ինչ ունեցել ենք վերջին տասնամյակների ընթացքում»,- ասել է Ռյաբկովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկման ակումբում։ .
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում միջուկային պատերազմի անթույլատրելիության և դրանում հաղթելու անհնարինության կանխադրույթին, որը նախօրեին հաստատել են Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ղեկավարները։
«Ռուսական կողմը չի շեղվում դոկտրինալ և քաղաքական բնույթի առանցքային դրույթներից, որոնք հաստատում են մեր հավատարմությունը նրան, որ աշխարհը պետք է ապահով և զերծ լինի միջուկային սպառնալիքից»,- հավելել է ՌԴ փոխնախարարը։