Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին մարտի 25-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող իրադարձությունները»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտին։
Հաղորդվում է նաև, որ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին հացահատիկի գործարքը երկարաձգելու և այս հարցում նրա դրական դիրքորոշման համար։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Մոսկվան կարող են նոր քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու համար։
Իր հերթին Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է կազմակերպել շինանյութի մատակարարումը Թուրքիային՝ երկրաշարժից հետո նրա ենթակառուցվածքներն ու բնակարանները վերականգնելու համար։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհակալություն է հայտնել Պուտինին երկրաշարժի հետևանքների հաղթահարման հարցում ցուցաբերած օգնության համար, այդ թվում՝ Հաթայ նահանգում ռուսական դաշտային հոսպիտալի տեղակայման համար։
Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորել է իր թուրք գործընկերոջը և Թուրքիայի ժողովրդին Ռամադանի կապակցությամբ։