«Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացումը չպետք է անհանգստացնի մյուս երկրներին»․ Բայրամով
ԱշխարհԱյլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը չպետք է անհանգստացնի մյուս երկրներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի նախարարի խոսքով, դա առաջին հերթին ծառայում է այս երկրների և ադրբեջանական պետության բարգավաճմանը, «տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և հանգստությանը»։
«Եթե ուշադրություն դարձնեք Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ապա կտեսնեք, որ Ադրբեջանը խրախուսում է բոլոր երկրների հետ բարեկամական, գործընկերային հարաբերությունների հաստատումն ու զարգացումը։ Ցանկացած պետության հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը նշանակում է, որ բոլոր ոլորտներում հաշվի են առնվում փոխադարձ շահերը, տարբեր ոլորտներում առաջ են մղվում նախագծեր»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Կումարս Հեյդարին ասել էր, որ Կովկասում կան մի քանի չափազանց զգայուն հարցեր։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող հանդուրժել տարածաշրջանի երկրներում մանկասպան սիոնիստական ռեժիմի տեսանելի և թաքնված տարրերի առկայությունը և դրա հարցերը կլուծի»,- ասել էր Հեյդարին։