Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու խոչընդոտներ չկան
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայումս չկա ոչ մի խոչընդոտ, որը խանգարում է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ապրիլի 20-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովը (2023 թվականի հուլիսին - խմբ․) կարող է պատմական դառնալ։ Ես շնորհակալ եմ գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, սակայն կարևոր է, որ Ուկրաինան նույնպես համապատասխան հրավեր ստանա։ Չկա ոչ մի խոչընդոտ, որը խանգարում է Ուկրաինային դաշինք հրավիրելու քաղաքական որոշումների ընդունմանը»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամների մեծամասնությունը կողմ է Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն, ուստի եկել է համապատասխան որոշումների ժամանակը։
Նա ընդգծել է, որ Կիևը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կոնկրետ քայլեր է ակնկալում երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ։