ՆԱՏՕ-ն Ուկրաինային 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել հակամարտության սկզբից ի վեր
ԱշխարհՈւկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները Կիևին են հատկացրել 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռամշտայնում Ուկրաինայի հարցով շփման խմբի հերթական նիստի մեկնարկին:
«Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի շփման խմբի անդամները 55 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային: Դա տասնապատիկ աճ է մեր առաջին հանդիպումից ի վեր», - ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ հիշեցնելով, որ խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ:
Օսթինի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային հատկացվել է 9 զրահապատ բրիգադ, ինչն ուժեղացրել է Ուկրաինայի դիրքերը մարտի դաշտում: Բացի այդ, եվրոպական երկրները Կիևին են տրամադրում Leopard տանկեր:
Օսթինը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատերազմի ընթացքում Ուկրաինային է տրամադրել ավելի քան 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ անցյալ շաբաթ հայտարարված 36-րդ փաթեթի շրջանակներում Կիևը կստանա 325 միլիոն դոլարի ռազմական աջակցություն: