Քննարկվել է թուրքական զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից
ԱշխարհՍիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական զորքերը Սիրիայի տարածքից դուրս բերելու հարցը քննարկվել է Մոսկվայում Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ երեքշաբթի՝ ապրիլի 25-ին, տեղի է ունեցել Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների քառակողմ հանդիպումը։ Քննարկվել է սիրիական տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը, ինչպես նաև միջազգային մայրուղու մասին հատուկ համաձայնագրի իրագործումը, որը հայտնի է որպես M4։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կառուցողական էր անվանել Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը։
Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց ցանկությունը և սիրիացի փախստականներին իրենց հայրենիք վերադարձնելու ջանքերի ակտիվացման կարևորությունը։
Նախարարները նշել են քառակողմ ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման համար։