Ձերբակալվել է Վահե Հակոբյանի եղբայրը
Քաղաքական«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։
Տեղեկությունը հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է»,–ասել նա։
Նշենք, որ PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։
«Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն Գերմանիայից։ Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե` չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։ 2014–2023 թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 18 մլրդ 197 մլն 265 հազար դրամ։