Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են երկրի ԱԳՆ
ԱշխարհՆոյեմբերի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել երկրում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն։
Ինչպես հայտնել են երկրի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է արտահայտվել այն բանի համար, որ, «չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանի Տիգրանաշեն գյուղի մերձակայքում գտնվող շրջան և Հայաստանում Եվրոպական միության առաքելության հետ միասին մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը»։
Նշվել է, թե «այս առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունությունը և ներդրումը Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ձևավորման գործում, լայնորեն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ «այդ սադրանքը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կապված են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերի հետ»։