ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը
Քաղաքական
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քնարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Առաջարկը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններինն է։
Հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին Աժ որոշման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած վարքը քննելու համար․ «Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի վարքը ակնհայտորեն հովանավորվում է ՔՊ-ի կողմից։
