Նախագահը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը ԵՄ հարթակում
Քաղաքական
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա շնորհավորել է Չեխիայի ժողովրդին և իշխանություններին ազգային տոնի առթիվ և մաղթել բարօրություն, զարգացում և խաղաղություն՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և զարգանալ։
Դեսպան Պետեր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար։ Նա վերահաստատել է Չեխիայի պատրաստակամությունը շարունակելու խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ և զարգացնել փոխգործակցությունը տարածաշրջանային ու բազմակողմ ձևաչափերում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերն առանձնացրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև ակտիվ շփումները և համագործակցությունը տարբեր մակարդակներում նպաստում են հարաբերությունների խորացմանը և նոր ծրագրերի իրականացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Չեխիայի համագործակցությանը Եվրոպական միության հարթակում։ Կողմերը կարևորել են փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը, որոնք կնպաստեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այլև Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության զարգացմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)