Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգում
Աշխարհ
Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը դարձել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող դիվանագիտական քննարկումների առանցքային հարցերից մեկը։ Կատարի իշխանությունները շարունակում են միջնորդական ջանքերը՝ փորձելով վերականգնել բանակցությունները, նվազեցնել կողմերի միջև տարաձայնությունները և ապահովել նեղուցով նավագնացության ազատությունը։
Կատարի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Դոհան ակտիվ կապեր է պահպանում Վաշինգտոնի և Թեհրանի հետ։ Գերատեսչության ներկայացուցիչ Իբրահիմ բին Սուլթան Ալ Հաշիմին նշել է, որ միջնորդական ջանքերի հիմնական նպատակներից մեկը Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ճգնաժամի կարգավորումն է։ Նրա խոսքով՝ ձմռան մոտենալը և նեղուցի շարունակվող փակումը մեծացնում են տնտեսական ու էներգետիկ խնդիրները՝ հատկապես խոցելի երկրների համար։
Նոյեմբերի 23-ին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի հետ հակամարտությանը, տարածաշրջանային անվտանգությանը և դիվանագիտական գործընթացի վերականգնման հնարավորություններին։
Իրանական կողմն էլ հաստատել է, որ Կատարի պատվիրակությունը այցելել է Թեհրան և շուրջ երկու ժամ բանակցություններ վարել իրանցի պաշտոնյաների հետ։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, սակայն, ընդգծել է, որ այդ շփումները դեռևս պաշտոնական բանակցությունների չեն վերածվել։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը հնարավոր կլինի քննարկել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի ներկայացրած պայմանները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը