Իսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
Սպորտ
Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ինգվար Յոնսոնը մահացել է 37 տարեկանում՝ քաղցկեղի դեմ պայքարից հետո։ Նրա մահվան մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Ռեյկյավիկի «Վիկինգուր» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 25-ին՝ հարազատների շրջապատում։
Յոնսոնը հանդես է եկել Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում՝ անցկացնելով 8 հանդիպում։ Նա ընդգրկված էր նաև 2016 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում, որտեղ Իսլանդիան հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ պատմականորեն հաղթելով Անգլիայի հավաքականին։
Իր կարիերայի ընթացքում դարպասապահը խաղացել է իսլանդական «Նյարդվիկ», «Ստյառնան» և «Վիկինգուր» ակումբներում, ինչպես նաև նորվեգական «Ստարտ», «Սանդնես Ուլֆ», «Սանդեֆյորդ» և դանիական «Վիբորգ» թիմերում։ Նա հինգ անգամ դարձել է Իսլանդիայի չեմպիոն՝ մեկ անգամ «Ստյառնանի» և չորս անգամ «Վիկինգուրի» կազմում, ինչպես նաև երեք անգամ նվաճել երկրի գավաթը։
Յոնսոնի մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել այս տարվա գարնանը, ինչից հետո նա դադարեցրել էր ելույթները և սկսել քիմիաթերապիա։ Չնայած հիվանդությանը՝ հոկտեմբերին նա թիմակիցների հետ տոնել էր «Վիկինգուրի» հերթական չեմպիոնությունը։ Ֆուտբոլիստը թողել է կին և երեք երեխա։
Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և հարազատներին՝ հիշեցնելով ազգային հավաքականում ունեցած ավանդի մասին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար