Մակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին՝ Եվրամիության բազմամյա բյուջեի շուրջ բանակցությունների վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։ Նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Մակրոնը հայտարարել է, որ Լը Պենը չպետք է իրեն պահի այնպես, կարծես արդեն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ։ «Քարոզարշավի ժամանակ պետք է ավելի համեստ լինել, դեռ պաշտոնում չես, նույնիսկ եթե արդեն քեզ այնտեղ ես պատկերացնում», — ասել է Ֆրանսիայի նախագահը։
Լը Պենն ավելի վաղ մեղադրել էր Մակրոնին և Եվրահանձնաժողովին՝ Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի շուրջ համաձայնությունն արագացնելու և ապագա կառավարության հնարավորությունները սահմանափակելու համար։ Նա պնդել էր, որ նման քայլը քաղաքական մանևր է, որի նպատակն է խոչընդոտել ապագա իշխանություններին պաշտպանել Ֆրանսիայի շահերը։
Մակրոնն ընդգծել է, որ հաշվի է առնում ընտրությունների ժամանակացույցը։ Նրա խոսքով՝ եթե մինչև դեկտեմբերի 31-ը բյուջեի շուրջ համաձայնություն չձեռք բերվի, բանակցությունները կվերսկսվեն 2027 թվականի երկրորդ կեսին՝ Ֆրանսիայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նա նաև հիշեցրել է, որ իր նախագահական լիազորություններն ավարտվում են 2027 թվականի մայիսին։
Մակրոնի և Լը Պենի հրապարակային այս փոխադարձ քննադատությունը տեղի է ունենում Ֆրանսիայում նախագահական ընտրություններին ընդառաջ, որոնց նախընտրական պայքարում ԵՄ-ի հետ հարաբերություններն ու եվրոպական բյուջեի հարցը կարևոր թեմաներ են դարձել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար