Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը
Աշխարհ
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության պաշտոնական վարկածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և հնարավոր է՝ հանցագործության հետևում կանգնած է եղել հենց ամերիկյան կառավարությունը։ Այս մասին նա խոսել է նոյեմբերի 22-ին՝ Քենեդիի սպանության 63-րդ տարելիցի օրը, սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում։
Բոլդուինի խոսքով՝ դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրված է եղել 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում տեղի ունեցած սպանությամբ, քանի որ իրադարձությունների պաշտոնական նկարագրությունը համոզիչ չի թվացել իրեն։ Նա կասկածի տակ է դրել այն վարկածը, որ Լի Հարվի Օսվալդը գործել է միայնակ՝ ուշադրություն հրավիրելով սպանության հանգամանքներում առկա, իր գնահատմամբ, հակասությունների վրա։
«Կան բազմաթիվ բավականին հիմնավոր հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ Քենեդին սպանվել է սեփական կառավարության կողմից։ Ես հավատում եմ դրան», — հայտարարել է դերասանը՝ միաժամանակ ընդունելով, որ չգիտի՝ ով է անմիջականորեն կրակել նախագահի վրա։
Բոլդուինը նաև հիշել է, որ 2013 թվականին MSNBC հեռուստաալիքի իր հաղորդման շրջանակում պատրաստել էր Քենեդիի սպանությանը նվիրված երկժամյա հատուկ թողարկում՝ տարբեր տեսակետներ ներկայացնող հյուրերի մասնակցությամբ։ Նրա պնդմամբ՝ հեռուստաալիքը հրաժարվել է այն հեռարձակել, ինչից հետո կարճ ժամանակ անց դադարեցվել է նաև հաղորդումը։ Հեռուստաալիքի հաղորդման դադարեցման պաշտոնական պատճառը, սակայն, կապված էր լուսանկարչի հետ Բոլդուինի ունեցած միջադեպի հետ։
Նշենք, որ 1964 թվականին հրապարակված Ուորենի հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Քենեդիին սպանել է Լի Հարվի Օսվալդը, որը կրակել է Տեխասի դպրոցական գրապահոցների շենքից։ Հանձնաժողովը դավադրության ապացույցներ չէր հայտնաբերել։ Բոլդուինի հայտարարությունը նրա անձնական համոզմունքն է և չի ներկայացնում սպանության վերաբերյալ հաստատված նոր ապացույց։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար