Tesla-ի նախկին ինժեները կարծում է, որ ԱԲ-ն ավելի շատ «ձևական» աշխատատեղեր կստեղծի, այլ ոչ թե զանգվածային գործազրկություն
Աշխարհ
Tesla-ի մեքենայական ուսուցման նախկին ինժեներ, այժմ Morph արհեստական բանականության ենթակառուցվածքներ մշակող ընկերության հիմնադիր Թեջաս Բհակտան կարծում է, որ արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը կարող է ոչ թե զանգվածային գործազրկության հանգեցնել, այլ հակառակը՝ ավելացնել իրական տնտեսական արժեք չստեղծող, ձևական աշխատատեղերի թիվը։
MTS Live-ին տված հարցազրույցում Բհակտան նշել է, որ արդեն այսօր բազմաթիվ մարդիկ զբաղված են աշխատանքով, որի գործնական նշանակությունը կասկածելի է։ Որպես օրինակ՝ նա բերել է գնումների բաժինների աշխատակիցներին, որոնք պատրաստում են փաստաթղթեր և հաշվետվություններ, որոնք հաճախ ոչ ոք չի կարդում կամ օգտագործում։
Նրա գնահատմամբ՝ համացանցի հետ կապված աշխատատեղերի շուրջ 40 տոկոսը գործնականում օգտակար գործունեություն չի ապահովում։ Բհակտան նույնիսկ պնդել է, որ ներկայիս տնտեսության մեջ բազմաթիվ աշխատատեղեր փաստացի կատարում են համընդհանուր հիմնական եկամտի գործառույթ՝ մարդկանց ապահովելով եկամտով և պահպանելով տնտեսական շրջանառությունը։
Նախկին ինժեների կանխատեսմամբ՝ երբ արհեստական ընդհանուր բանականությունը (AGI) ստանձնի աշխատանքների մեծ մասը, ընկերությունները կարող են ստեղծել ավելի շատ ձևական պաշտոններ՝ մարդկանց զբաղված պահելու և նրանց եկամուտն ապահովելու համար։ Նրա կարծիքով՝ հակառակ դեպքում տնտեսական համակարգը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։
Բհակտայի տեսակետը տարբերվում է այն փորձագետների կանխատեսումներից, որոնք ԱԲ-ի տարածման հետևանքով ակնկալում են աշխատատեղերի զանգվածային կրճատում։ Նա, սակայն, չի պնդում, որ նոր աշխատատեղերի ստեղծումը պարտադիր դրական երևույթ կլինի․ նրա մտահոգությունն այն է, որ աշխատանքի քանակը կարող է պահպանվել, մինչդեռ դրա իրական արդյունավետությունն ու օգտակարությունը կնվազեն։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար