Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում ցուրտ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայի պահանջարկը կտրուկ աճել է՝ ծանրաբեռնելով երկրի էներգետիկ համակարգը։ Ազգային էներգետիկ համակարգի օպերատորը (NESO) երեք օր անընդմեջ նախազգուշացումներ է տարածել՝ կոչ անելով էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին լրացուցիչ հզորություններ գործարկել և մեծացնել մատակարարումները։
Խնդիրը պայմանավորված է ոչ միայն ջեռուցման նպատակով էլեկտրաէներգիայի սպառման աճով, այլև հաղորդման ցանցի սահմանափակումներով։ Մասնավորապես, Շոտլանդիայում արտադրվող հողմային էներգիայի մի մասը հնարավոր չի եղել տեղափոխել Անգլիայի սպառողներին։ Երեքշաբթի օրվա տվյալներով՝ ցանցային սահմանափակումների պատճառով հասանելի հզորությունների հաշվարկից դուրս էր մնացել մինչև 6,9 գիգավատ էլեկտրաէներգիա։
Ստեղծված իրավիճակում օպերատորը ստիպված է եղել դիմել արտակարգ գործառնական միջոցների՝ լրացուցիչ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Որոշ դեպքերում Շոտլանդիայի հողմակայաններին վճարվել է տուրբինների աշխատանքը սահմանափակելու, իսկ Անգլիայի հարավում գտնվող գազային էլեկտրակայաններին՝ արտադրությունն ավելացնելու համար։
Էլեկտրաէներգիայի պակասի վտանգը մեծացել է նաև այն պատճառով, որ եվրոպական շուկաներում բարձր գները խթանել են էլեկտրաէներգիայի արտահանումը։ Արդյունքում բրիտանական համակարգը ստիպված է եղել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար։
Միաժամանակ օպերատորը շեշտում է, որ նախազգուշացումները կանխարգելիչ բնույթ ունեն և չեն նշանակում, որ երկրում մոտալուտ հոսանքազրկումներ են սպասվում։ Ձմեռային ընդհանուր կանխատեսմամբ՝ Մեծ Բրիտանիան դեռ ունի պահանջարկը բավարարելու բավարար ռեսուրսներ, սակայն ցրտերի և ցանցային սահմանափակումների համընկնումը կարող է որոշ օրերի զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի պահուստային պաշարները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար