Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին
Հասարակություն
Նոյեմբերի 13-ին թմրանյութի իրացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում տեղադրում են թմրամիջոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները նույն օրը՝ տեղեկությունը ստուգելու նպատակով, օպերատիվ միջոցառում են կազմակերպել նշված փողոցներում, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Համայնքային ոստիկանը ծառայողական ավտոմեքենայով փակել է ճանապարհը և ավագ համայնքային ոստիկանի հետ մոտենալով նշված ավտոմեքենային՝ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Mercedes»-ի վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով վերջինը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվում են կասկածյալների ինքնությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար