Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում
Աշխարհ
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի արևելյան հատվածում գտնվող «Bangchak» նավթավերամշակման գործարանում նոյեմբերի 26-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Միջադեպի հետևանքով 9 մարդ է տուժել, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում։
Դեպքից հետո գործարանի տարածքում բարձրացել է սև ծխի հսկայական ամպ։ Հրդեհի վայր են ժամանել հրշեջ և փրկարարական ստորաբաժանումներ, որոնք սկսել են կրակի մարման աշխատանքները։ Իշխանությունները տարհանման կոչ են արել հարակից տարածքների բնակիչներին՝ հորդորելով հեռու մնալ վտանգավոր գոտուց։
«Bangchak» ընկերությունը անվտանգության նկատառումներով դադարեցրել է գործարանի արտադրական ստորաբաժանումների աշխատանքը։ Էներգետիկայի նախարար Ականատ Պրոմփանի նախնական գնահատմամբ՝ հրդեհը բռնկվել է նավթավերամշակման արտադրամասում՝ նավթապահեստարանից մոտ 100 մետր հեռավորության վրա։ Պայթյունի պատճառը դեռ պարզվում է։
Իշխանությունները սկսել են ուսումնասիրել նաև օդի և ջրի հնարավոր աղտոտվածությունը։ Միաժամանակ երկրի էներգետիկայի նախարարությունը վստահեցրել է, որ միջադեպը չպետք է էական ազդեցություն ունենա վառելիքի մատակարարման վրա, քանի որ Թաիլանդում գործում են ևս 5 նավթավերամշակման գործարաններ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար