ԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին
Աշխարհ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկու նավթատար լցանավ պայթել և բռնկվել են՝ Օմանի Քասաբ նավահանգստից դեպի հյուսիս ծովային ականների վրա պայթելու հետևանքով։ Ըստ իրանական կողմի՝ նավերը փորձել են Հորմուզի նեղուցով անցնել Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։ Այս մասին նոյեմբերի 26-ին հաղորդել է Reuters-ը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ նավերից մեկը գերխոշոր լցանավ է եղել և տեղափոխել է ավելի քան 2 միլիոն բարել հում նավթ։ Երկրորդ նավի ինքնությունը, դրոշը, սեփականատերը և տեղափոխվող բեռի ծավալը դեռևս չեն հրապարակվել։ Իրանական կողմը նաև չի հայտնել անձնակազմի հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին։
Միջադեպի մասին տեղեկությունը դեռևս անկախ աղբյուրներով ամբողջությամբ հաստատված չէ։ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO) նույն օրը հայտնել է Դուբայից մոտ 50 ծովային մղոն դեպի արևմուտք՝ լցանավի մոտ անհայտ արկի պայթյունի մասին։ Սակայն առայժմ հաստատված չէ՝ արդյոք խոսքը նույն միջադեպի մասին է։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ առևտրի կարևորագույն ուղիներից է, որով անցնում է նավթի և հեղուկ գազի զգալի մասը։ Տարածաշրջանում նավագնացության անվտանգության շուրջ լարվածության աճը կարող է նոր վտանգներ ստեղծել նավթի միջազգային մատակարարումների համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար