Հյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել
Աշխարհ
Հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա նավահանգստում ձերբակալվել է «Filo Jet» ուղևորատար նավի խորտակման գործով ևս մեկ կասկածյալ։ Նա Ադրբեջանի քաղաքացի է և նախկինում աշխատել է նավի շահագործմամբ զբաղվող ընկերությունում։ Նոյեմբերի 26-ին նրան ներկայացրել են դատարան, որը որոշել է մեկ օրով երկարացնել նրա կալանքի ժամկետը։
Քննության տվյալներով՝ ձերբակալվածն առաջիններից է եղել, որը դեռ հունիսին նկատել է նավի իրանի ճաքը։ Նա լուսանկարել է վնասվածքը և ուղարկել նավի երկրորդ կապիտանին։ Քննիչները պարզում են՝ ինչու այդ վտանգավոր թերության մասին ժամանակին չեն տեղեկացվել համապատասխան մարմինները և ինչ քայլեր են ձեռնարկվել այն վերացնելու ուղղությամբ։
Այս ձերբակալությամբ գործով կասկածյալների թիվը հասել է 10-ի։ Ավելի վաղ ձերբակալվել էին նավի կապիտանը, անձնակազմի յոթ անդամներ և այն շահագործող ընկերության ղեկավարը։ Նրանց նկատմամբ մեղադրանքը նախկինում անզգուշությամբ մահ պատճառելուց փոխվել է կանխամտածված սպանության։
Հիշեցնենք, որ «Filo Jet» լաստանավը օգոստոսի 30-ին խորտակվել էր Կիրենիայի ափերի մոտ՝ Տաշուջու ուղևորվելիս։ Նավում եղել է 259 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Աղետի հետևանքով հաստատվել է 27 մարդու մահը, ևս մեկ ուղևորի որոնումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար