Իտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Եվրամիության հաջորդ՝ 2028-2034 թվականների բազմամյա բյուջեի շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է վերանայել ներկայացված առաջարկը։ Հռոմը դեմ է ֆինանսավորման հետագա կրճատմանը և պահանջում է պահպանել գյուղատնտեսության ու համախմբման քաղաքականության համար նախատեսված միջոցները։
Նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովից առաջ Մելոնին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համանախագահել է «Համախմբման բարեկամներ» խմբի հանդիպումը։ Խումբը միավորում է ԵՄ 17 պետություն, որոնք պաշտպանում են ավելի թույլ զարգացած տարածաշրջանների և գյուղատնտեսության ֆինանսավորումը։
Իտալիայի կառավարության դիրքորոշմամբ՝ գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականության և համախմբման ծրագրերի ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի տնտեսական աճի, մրցունակության և անդամ երկրների միջև սոցիալ-տնտեսական տարբերությունների նվազեցման համար։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկը նախատեսում է Եվրահանձնաժողովի նախնական նախագծի համեմատ բյուջեի շուրջ 204 միլիարդ եվրոյով կրճատում։ Սակայն մի շարք երկրներ շարունակում են դժգոհել ինչպես ընդհանուր ֆինանսավորման չափից, այնպես էլ առանձին ոլորտների համար նախատեսված հատկացումներից։
Մելոնին ընդգծել է, որ Իտալիան չի ցանկանում ընդունել այնպիսի համաձայնություն, որը չի պաշտպանի իր ազգային և տնտեսական շահերը։ Բյուջեի շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ վերջնական համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար