Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու
Աշխարհ
Նեպալի իշխանությունները սկսել են իրավական գործընթաց՝ օգոստոսյան ավերիչ հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու մահացած ճանաչելու համար։ Երեք ամիս առաջ տեղի ունեցած աղետից հետո հազարավոր մարդիկ այդպես էլ չեն հայտնաբերվել։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել են Նեպալի աղետների ռիսկերի նվազեցման և կառավարման ազգային մարմնից։
Աղետի պատճառը օգոստոսի 26-ին Նեպալի և Չինաստանի սահմանին գտնվող բարձրադիր հատվածում սառցադաշտի փլուզումն էր։ Հսկայական ջրային հոսքը՝ իր հետ տանելով սառույց, քարեր և հող, առաջացրել էր ավերիչ հեղեղումներ։ Դրանց հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 5500-ը համարվել է անհետ կորած։
Իշխանությունները հրապարակել են շուրջ 4000 անհետ կորածների անունները, այդ թվում՝ 623 օտարերկրյա քաղաքացիների։ Հրապարակային ծանուցումներով նրանց հարազատներին և այլ շահագրգիռ անձանց հնարավորություն է տրվել ներկայացնել առարկություններ կամ ճշտումներ՝ մինչև մահացած ճանաչելու վերաբերյալ վերջնական որոշումների ընդունումը։
Նեպալի օրենսդրության հոկտեմբերյան փոփոխությամբ աղետների հետևանքով անհետ կորածներին մահացած ճանաչելու սպասման ժամկետը 12 տարուց կրճատվել է մինչև մոտ վեց շաբաթ։ Սա թույլ կտա ընտանիքներին ստանալ մահվան վկայականներ, դիմել փոխհատուցման համար և լուծել ժառանգության ու գույքային հարցերը։
Փրկարարական երկարատև գործողությունների ընթացքում հայտնաբերված մարմիններից միայն 112-ն է մինչ այժմ նույնականացվել և հանձնվել հարազատներին։ Իշխանությունները շարունակում են անհետ կորածների տվյալների ստուգումը, որից հետո կառավարությունը պետք է կայացնի վերջնական որոշումները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար