«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ընկեր» անվանելու համար։ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը ագրեսոր և մարդասպան է, ուստի նրան ընկեր համարելն անընդունելի է։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Թրամփի այդ արտահայտությունը նույնն է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինչ-որ մեկը Հիտլերին լավ ընկեր անվաներ։ Նա նշել է, որ նման հայտարարությունները հատկապես ցավոտ են այն ուկրաինացի ընտանիքների համար, որոնք պատերազմում կորցրել են իրենց հարազատներին և ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը։
Զելենսկին չի բացառել, որ Թրամփն ու Պուտինը կարող են անձնական հարաբերություններ ունենալ, սակայն ընդգծել է, որ նման վերաբերմունքը չպետք է հրապարակայնորեն ցուցադրվի։ Նրա խոսքով՝ դժվար է ուկրաինացիներից ակնկալել վստահություն ԱՄՆ-ի նկատմամբ, երբ ամերիկյան նախագահը ջերմ հարաբերություններ է ցուցադրում այն առաջնորդի հետ, որի հրամանով Ուկրաինայի դեմ պատերազմ է ընթանում։
Թրամփն ավելի վաղ հրապարակել էր Պուտինի հետ լուսանկար՝ այն ուղեկցելով «Իմ ընկեր» գրությամբ։ Մեկնաբանելով այդ բնորոշումը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ լավ անձնական հարաբերությունները կարող են օգնել բանակցություններին և նպաստել Ուկրաինայում պատերազմի ավարտին։
Զելենսկին, սակայն, պնդել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ոչ թե բարեկամական վերաբերմունք, այլ ուժեղ ճնշում, որպեսզի Մոսկվան համաձայնի դադարեցնել պատերազմը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար