Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոյեմբերի 26-ին խորհրդարան է ներկայացրել «Եվրոպական գործընկերության մասին» օրինագիծը, որը նախատեսում է խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը՝ առանց ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ մարդկանց ազատ տեղաշարժի համակարգ վերադառնալու։
Օրինագիծը նպատակ ունի իրավական ուժ տալ նոյեմբերի 20-ին Լոնդոնի և Բրյուսելի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Դրանք վերաբերում են գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի կանոնների ներդաշնակեցմանը, ինչպես նաև արտանետումների առևտրի համակարգերի միավորմանը։
Նոր կարգավորումների շնորհիվ նախատեսվում է նվազեցնել բրիտանական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող վարչարարական խոչընդոտները, պարզեցնել սանիտարական և բուսասանիտարական ստուգումները և հեշտացնել սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։ Բրիտանական կառավարության գնահատմամբ՝ միայն պարենային և գյուղատնտեսական առևտրի համաձայնագիրը կարող է մինչև 2040 թվականը տարեկան մինչև 5,1 միլիարդ ֆունտ ստերլինգ տնտեսական օգուտ ապահովել։
Օրինագիծը կառավարությանը հնարավորություն կտա նույն իրավական մեխանիզմով իրականացնել նաև ԵՄ-ի հետ ապագա ոլորտային համաձայնագրերը՝ խորհրդարանական վերահսկողության պայմանով։ Դրանց շրջանակում Բրիտանիան կարող է որոշ ոլորտներում ընդունել ԵՄ կանոնները, սակայն դրանց մշակման գործընթացում ունենալ խորհրդակցական դեր՝ առանց վերջնական քվեարկության իրավունքի։
Միաժամանակ Լոնդոնը շեշտում է, որ չի պատրաստվում վերանայել Brexit-ից հետո սահմանված քաղաքական կարմիր գծերը։ Օրինագիծը բացառում է միասնական շուկա և մաքսային միություն վերադառնալը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնումը։ Բրիտանական դատարանները նույնպես պահպանելու են երկրի ներսում իրավական որոշումների վերջնական կայացման իրավասությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար