Իտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը
Աշխարհ
Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը վերջնական հավանություն է տվել դպրոցներում օտարերկրյա աշակերտների թվի սահմանափակման և դեմքը ծածկող հագուստի արգելքի մասին օրինագծին։ Օրինագիծն ընդունվել է 142 կողմ, 112 դեմ ձայնով, 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Այն արդեն հաստատվել էր Սենատի կողմից։
Նոր կարգավորմամբ՝ 2027-2028 ուսումնական տարվանից տարրական, միջին և ավագ դպրոցների առաջին դասարաններում օտարերկրյա այն աշակերտների մասնաբաժինը, որոնք բավարար չափով չեն տիրապետում իտալերենին, չի կարող գերազանցել 30 տոկոսը։ Սահմանափակումը կարող է ճշգրտվել՝ հաշվի առնելով աշակերտների լեզվական գիտելիքները։ Նպատակն, ըստ կառավարության, դպրոցներում ինտեգրմանը նպաստելն է և լեզվական խոչընդոտների նվազեցումը։
Օրենքն արգելում է նաև դպրոցական պարապմունքների և միջոցառումների ժամանակ դեմքը ծածկող հագուստ կրելը, եթե այն խոչընդոտում է անձի ճանաչմանը։ Արգելքը վերաբերում է նաև բուրկային և նիքաբին, սակայն նախատեսված են բացառություններ՝ բժշկական և ուսումնական անհրաժեշտության դեպքերում։ Խախտման համար սահմանվում է 200-ից 1000 եվրոյի վարչական տուգանք, որը անչափահասների դեպքում կարող է կիրառվել ծնողների նկատմամբ։
Փաթեթը նախատեսում է նաև իտալերենի դասընթացների պարտադիր մասնակցություն այն օտարերկրյա ծնողների համար, որոնց լեզվական դժվարությունները խոչընդոտում են դպրոցի հետ արդյունավետ համագործակցությանը։ Դասընթացներին անհարգելի պատճառով չմասնակցելու դեպքում, նախնական նախազգուշացումից հետո, կարող են տուգանվել 200-ից 1000 եվրոյի չափով։
Օրինագծի ընդունումը խորհրդարանում բուռն քննարկումների և ընդդիմության բողոքի ուղեկցությամբ է անցել։ Ընդդիմադիր պատգամավորները պնդել են, որ սահմանափակումները կարող են խտրականություն առաջացնել աշակերտների միջև, մինչդեռ կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան դրանք ներկայացրել է որպես ինտեգրման և կրթական հավասար հնարավորությունների ամրապնդման միջոց։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար