ԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակել
Աշխարհ
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 500 միլիոն դոլար ներդնել Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկի տիեզերական ռազմաբազայի ընդլայնման և արդիականացման համար։ Նախագիծը նպատակ ունի ամրապնդել ամերիկյան ռազմական ներկայությունը Արկտիկայում և զարգացնել ավիացիոն ենթակառուցվածքները։
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի հրապարակած գնումների փաստաթղթերում նախագծի արժեքը գնահատվում է 250-500 միլիոն դոլար։ Նախատեսվում է կառուցել երեք պաշտպանված ավիացիոն անգար, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի երկու ինքնաթիռի համար։ Կառուցվելու են նաև տեխնիկական սպասարկման և վերանորոգման կառույցներ, պահեստամասերի պահեստներ և մասնագիտացված արտադրամասեր։
Նախագիծը ներառում է նաև թռիչքուղու հարակից ենթակառուցվածքների վերանորոգում, նոր ուղետար ուղիների և ինքնաթիռների կայանման հարթակների կառուցում։ Կնախատեսվեն նաև ինքնաթիռների շարժիչների փորձարկման և սպառազինության բեռնման ու բեռնաթափման հատուկ տարածքներ։
Հատկանշական է, որ տեխնիկական փաստաթղթերում հիշատակվում է ամերիկյան F-35 կործանիչների լոգիստիկ սպասարկման համակարգը։ Սա ենթադրություններ է առաջացրել Գրենլանդիայում նման ինքնաթիռներ տեղակայելու հնարավորության մասին, սակայն Վաշինգտոնը դեռ չի հաստատել նման որոշումը։
ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև 2026 թվականի սեպտեմբերին ստորագրված անվտանգության համաձայնագիրը թույլ է տալիս ընդլայնել Պիտուֆիկի ռազմաբազան և ստեղծել երկու նոր պաշտպանական գոտի՝ Նարսարսուակում և Մեստերսվիգում։ Միաժամանակ համաձայնագիրը վերահաստատում է Դանիայի ինքնիշխանությունն ու Գրենլանդիայի բնակչության ինքնորոշման իրավունքը։
Նախագծի իրականացման համար նախատեսված մրցույթին կարող են մասնակցել Դանիայում և Գրենլանդիայում գրանցված ընկերությունները։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա շինարարական սեզոնին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար