Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել
Աշխարհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դևենպորտ քաղաքում՝ Գոհաբանության օրվա գիշերը, մասնավոր տանը կազմակերպված երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով 18-ամյա երիտասարդը զոհվել է, ևս վեց մարդ ստացել է հրազենային վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Փոլք շրջանի շերիֆ Գրեյդի Ջադը։
Նրա տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, գիշերը ժամը 00:50-ի սահմաններում։ Երեկույթին, որը կազմակերպվել էր վարձակալված Airbnb տանը և գովազդվել սոցիալական ցանցերում որպես ծննդյան խնջույք, մասնակցել է ավելի քան 50 մարդ։ Նրանց մեծ մասը դեռահասներ են եղել։
Զոհվածը Օռլանդոյի բնակիչ Օրալ Ուոքեր կրտսերն է։ Շերիֆի փոխանցմամբ՝ նախնական վկայությունների համաձայն՝ երիտասարդը հանել է ատրճանակն ու սկսել կրակել, ինչից հետո մեկ այլ անձ պատասխան կրակ է բացել։ Այդ անձի ինքնությունը դեռ պարզված չէ, իսկ քննիչները փորձում են պարզել՝ արդյոք նա գործել է ինքնապաշտպանության նպատակով։
Վեց վիրավորների թվում կա 15-ամյա աղջիկ, որը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Նրա վիճակն ի սկզբանե գնահատվել է ծայրահեղ ծանր, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել այն։ Մյուս տուժածները 16-21 տարեկան են և ստացել են ձեռքերի ու ոտքերի վնասվածքներ։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է հինգ մարդ։ Ոստիկանությունը շարունակում է հարցաքննել երեկույթի մասնակիցներին և պարզել, թե ով է կազմակերպել անչափահասների մասնակցությամբ խնջույքը և ինչ հանգամանքներում է վարձակալվել տունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար