Ֆինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը
Աշխարհ
Ֆինլանդիայի կառավարությունը մտադիր է երկարաձգել Ռուսաստանի հետ սահմանը փակ պահելու իրավական հիմքը մինչև 2028 թվականի վերջը։ Խոսքը 2024 թվականին ընդունված հատուկ օրենքի մասին է, որը թույլ է տալիս սահմանափակել ապաստան հայցողների մուտքը Ռուսաստանի տարածքից՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում։
Հելսինկին սահմանային անցակետերը փակել էր 2023 թվականի նոյեմբերին՝ մեղադրելով Մոսկվային միգրացիոն հոսքերի միտումնավոր կազմակերպման մեջ։ Ֆինլանդիայի իշխանությունների պնդմամբ՝ Ռուսաստանի տարածքից դեպի սահման էին ուղարկվում ապաստան հայցողներ, ինչը դիտարկվում էր որպես ճնշման գործիք։
Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ սահմանը հատելու ցանկություն ունեցող մարդիկ իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց տեղաշարժը։
Հատուկ օրենքը Ֆինլանդիայի իշխանություններին հնարավորություն է տալիս որոշակի ժամանակով սահմանափակել ապաստանի դիմումների ընդունումը սահմանված անցակետերում և անհրաժեշտության դեպքում ուղղորդել սահմանային երթևեկությունը։ Դրա երկարաձգումը նշանակում է, որ Հելսինկին առնվազն մինչև 2028 թվականի վերջը չի նախատեսում վերադառնալ Ռուսաստանի հետ սահմանային բնականոն ռեժիմին։
Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի ցամաքային սահմանի երկարությունը կազմում է շուրջ 1340 կիլոմետր։ Սահմանային անցակետերի փակումը զգալիորեն սահմանափակել է երկու երկրների միջև ուղևորափոխադրումները և տնտեսական կապերը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար