Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել
Աշխարհ
Վրաստանի Բաթումի քաղաքում թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով երեք ոստիկան տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, իսկ 16 երկրպագու ձերբակալվել է։ Բախումները տեղի են ունեցել նոյեմբերի 26-ին՝ «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի միջև Եվրոպայի լիգայի հանդիպման շրջանակում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրպագուների մի մասը Եվրոպայի հրապարակից դեպի մարզադաշտ երթի ընթացքում անկարգություններ է հրահրել, անտեսել ոստիկանների պահանջները, տարբեր առարկաներ նետել և ֆիզիկական բախումների մեջ մտել իրավապահների հետ։ Մարզադաշտում միջադեպերը շարունակվել են․ երկրպագուները վնասել են նստատեղերը և դրանք նետել ոստիկանների ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում իրավիճակն ավելի է սրվել, երբ տրիբունաներում հայտնվել են Պաղեստինի դրոշներ և աջակցող պաստառներ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ արցունքաբեր գազ։ Խաղը դադարեցվել է մոտ 30 րոպեով, ապա վերսկսվել։ «Բեշիքթաշը» հաղթել է 2։1 հաշվով։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան և մի շարք ակումբներ դատապարտել են վրացական ոստիկանության գործողությունները՝ դրանք համարելով անհամաչափ։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ՝ քննարկելով միջադեպը։
Վրաստանի ՆԳՆ-ն, իր հերթին, հերքել է, թե ոստիկանության միջամտությունը պայմանավորված է եղել Պաղեստինի դրոշների ցուցադրմամբ։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրպագուների բռնի գործողություններն ու ոստիկանների հետ բախումները սկսվել են դեռևս մարզադաշտ տանող երթի ընթացքում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար