ԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիր
Աշխարհ
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 500 միլիոն դոլար ներդնել Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկի տիեզերական ռազմաբազայի ընդլայնման և արդիականացման համար։ Նախագիծը նպատակ ունի ամրապնդել ամերիկյան ռազմական ներկայությունը Արկտիկայում և զարգացնել ռազմավարական նշանակության ավիացիոն ենթակառուցվածքները։
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի գնումների փաստաթղթերում շինարարական աշխատանքների նախնական արժեքը գնահատվում է 250-500 միլիոն դոլար։ Նախատեսվում է կառուցել երեք պաշտպանված ավիացիոն անգար, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի երկու ինքնաթիռի համար։ Կառուցվելու են նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկման և վերանորոգման կենտրոններ, պահեստամասերի պահեստներ և մասնագիտացված արտադրամասեր։
Ծրագիրը ներառում է նաև թռիչքուղիների հարակից ենթակառուցվածքների վերանորոգում, նոր ուղետար ուղիների և ինքնաթիռների կայանման հարթակների կառուցում։ Նախատեսվում են էլեկտրամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման և անվտանգության համակարգերի արդիականացում։
Հատկանշական է, որ տեխնիկական փաստաթղթերում հիշատակվում է ամերիկյան F-35 կործանիչների սպասարկման համար օգտագործվող ALIS համակարգը։ Սա ենթադրություններ է առաջացրել Գրենլանդիայում նման ինքնաթիռներ տեղակայելու հնարավորության վերաբերյալ, սակայն Վաշինգտոնը դեռ չի հաստատել F-35-եր այնտեղ մշտապես տեղակայելու որոշումը։
Նախագծի շրջանակում նախատեսված աշխատանքների իրականացման համար հայտեր ներկայացնելու հնարավորություն է տրվել Դանիայում և Գրենլանդիայում գրանցված ընկերություններին։ Գնումների նախնական գործընթացը մեկնարկել է սեպտեմբերին, իսկ ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններն ավարտվել են հոկտեմբերին։
Ամերիկյան ռազմաբազայի ընդլայնումը դիտարկվում է Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի ակտիվության աճի պայմաններում։ Պիտուֆիկի բազան կարևոր նշանակություն ունի տիեզերական վերահսկողության, հրթիռային նախազգուշացման և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ապահովման համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար