Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար
Աշխարհ
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը սպառնալիք է ներկայացնում Մոլդովայի ազգային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ երկրի պետական կառույցները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի։
Գրոսուն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 26-ին՝ մեկնաբանելով Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունը։ Դրանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդել էր, թե առաջիկա օրերին Մոլդովայում հակառուսական սադրանք է նախապատրաստվում, որը կարող է կտրուկ վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։ Դեսպանատունը, սակայն, չէր ներկայացրել որևէ մանրամասն կամ ապացույց։
Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ հնարավոր է, որ Մոսկվան փորձում է նախապես արդարացնել ինչ-որ գործողություն կամ տեղեկատվական ֆոն ստեղծել առաջիկա իրադարձությունների համար։ Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է ուշադիր հետևեն իրավիճակին և պատրաստ լինեն ցանկացած զարգացումների։
Գրոսուն նաև հիշեցրել է, որ Մոլդովայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ առանձնացված են երկու հիմնական սպառնալիքներ՝ ներքին սպառնալիք՝ կոռուպցիան, և արտաքին սպառնալիք՝ Ռուսաստանի Դաշնությունը։
Մոլդովայի կառավարության ներկայացուցիչ Դումիտրու Չորիչին էլ Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը որակել է տեղեկատվական շեղում՝ ուշադրությունը երկրի օդային տարածքի խախտումներից շեղելու նպատակով։ Քիշնևը պնդում է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումները վտանգում են քաղաքացիների անվտանգությունը։
Ռուսաստանի դեսպանատունը, իր հերթին, չի ներկայացրել այն ենթադրյալ սադրանքի մանրամասները, որի մասին նախազգուշացրել էր։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար