Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր
Աշխարհ
Եվրամիության 27 անդամ երկրներից 24-ը պաշտպանել են Ուկրաինային 2027 թվականին մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ տրամադրելու Եվրահանձնաժողովի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի ավարտին։
Առաջարկվող ֆինանսավորումը նախատեսված է Ուկրաինայի 2027 թվականի բյուջետային և պաշտպանական կարիքները հոգալու համար։ Փաթեթից մինչև 25 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել ռազմական օգնությանը, իսկ մինչև 20 միլիարդը՝ պետական բյուջեի աջակցությանը և քաղաքացիական կարիքներին։
Բուլղարիան, չնայած առաջարկին միանալուն, հայտարարել է, որ կմասնակցի միայն ոչ ռազմական բաղադրիչի ֆինանսավորմանը։ Սոֆիան ցանկանում է, որ աջակցությունն ուղղվի նաև Ուկրաինայի այն շրջաններին, որտեղ բնակվում է բուլղարական համայնքը։
Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն միացել նախաձեռնությանը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը առաջարկել է կիրառել ընդլայնված համագործակցության մեխանիզմ, որը թույլ կտա որոշ երկրներին չմասնակցել վարկի տրամադրմանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հակառակը, պնդել է, որ ֆինանսավորմանը պետք է մասնակցեն բոլոր 27 անդամ երկրները։
Ուկրաինայի 2027 թվականի լրացուցիչ ֆինանսավորման պակասը գնահատվում է շուրջ 70 միլիարդ եվրո։ Եվրահանձնաժողովի առաջարկած վարկը նախատեսված է այդ կարիքների զգալի մասը ծածկելու համար։ Գումարը նախատեսվում է ներգրավել միջազգային ֆինանսական շուկաներից՝ Եվրամիության բյուջեի երաշխիքով։
Չնայած 24 երկրների քաղաքական աջակցությանը՝ ֆինանսավորման վերջնական մեխանիզմի շուրջ համաձայնություն դեռ չկա։ Եվրոպական խորհրդի ղեկավարները հարցին կվերադառնան դեկտեմբերյան գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար