Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին
Աշխարհ
Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատ է ներկայացվել շուրջ 286 հազար քաղաքացու ստորագրությամբ միջնորդություն՝ ԱՄՆ դեսպան Փիթ Հոքսթրային երկրում անցանկալի անձ՝ persona non grata հայտարարելու և պաշտոնից հեռացնելու պահանջով։ Միջնորդությունը նոյեմբերի 26-ին ներկայացրել է Կանադայի Կանաչների կուսակցության առաջնորդ Էլիզաբեթ Մեյը։
Փաստաթղթի համաձայն՝ Հոքսթրան բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնք, նախաձեռնողների գնահատմամբ, վնասում են Կանադայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։ Մասնավորապես, նրան մեղադրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան որպես Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ դարձնելու գաղափարը հրապարակայնորեն նորմալացնելու և Կանադայի ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ։
Միջնորդության հեղինակները նաև ուշադրություն են հրավիրել Ալբերտա նահանգի անջատողական շրջանակների և ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումների վրա։ Նրանք պահանջում են ոչ միայն դեսպանին հեռացնել երկրից, այլև խորհրդարանական հանձնաժողովին հանձնարարել հետաքննել ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը Կանադայի ներքին գործերին։
Միջնորդությունը ստորագրել է 285 993 մարդ։ Այն պարտադիր կատարման ենթակա որոշում չէ, սակայն խորհրդարանական ընթացակարգով կառավարությունը պարտավոր է ներկայացնել պաշտոնական պատասխան՝ 45 օրացուցային օրվա ընթացքում։ Սա ինքնին չի նշանակում, որ Օտտավան պարտավոր է կատարել դեսպանին արտաքսելու պահանջը։
Էլիզաբեթ Մեյը Հոքսթրային բնութագրել է որպես «ամենաանդիվանագետ դիվանագետ»՝ նշելով, որ ստորագրահավաքը ցույց է տալիս կանադացիների դժգոհությունը նրա հրապարակային հայտարարություններից։ ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ տեղյակ է միջնորդությունից, սակայն բովանդակային մեկնաբանություն չի ներկայացրել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար