Էրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետո
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերդալ Ադալիի հետ՝ Վրաստանի Բաթումի քաղաքում թուրք երկրպագուների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Էրդողանը հայտնել է, որ անձամբ հետևում է իրավիճակի զարգացմանը և շուտափույթ ապաքինում մաղթել տուժած երկրպագուներին։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի միջև Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ։ Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ թուրք երկրպագուները մարզադաշտի տրիբունաներում Պաղեստինի դրոշներ և աջակցության պաստառներ են ցուցադրել։ Վրաստանի ոստիկանությունը միջամտել է՝ կիրառելով արցունքաբեր գազ և ուժային միջոցներ։
Հանդիպումը մոտ 30 րոպեով ընդհատվել է, այնուհետև վերսկսվել։ «Բեշիքթաշը» հաղթել է 2։1 հաշվով։ Միջադեպի հետևանքով երեք վրացի ոստիկան է տուժել, իսկ 16 թուրք երկրպագու ձերբակալվել է։
«Բեշիքթաշը» դատապարտել է ոստիկանության գործողությունները՝ դրանք որակելով անհամաչափ ուժի կիրառում։ Ակումբը հայտնել է, որ դիմել է Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը և ՈՒԵՖԱ-ին՝ միջադեպի քննության պահանջով։
Թուրքիայի իշխանությունները ևս արձագանքել են դեպքին։ Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն էլ դատապարտել է ոստիկանության միջամտությունը՝ ընդգծելով, որ Պաղեստինի ժողովրդին խաղաղ աջակցություն հայտնելը չպետք է բռնության կամ միջամտության պատրվակ դառնա։
Հետագա դիվանագիտական և իրավական միջամտություններից հետո ձերբակալված բոլոր 16 երկրպագուներն ազատ են արձակվել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար