Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ՀԳՎ) տվյալներով՝ Հյուսիսային Կորեան ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության որոշ տեսակների տրամադրումը։ Խոսքը, մասնավորապես, բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի նոր խմբաքանակների մատակարարումների մասին է։
Ուկրաինական հետախուզության պնդմամբ՝ որոշումն անձամբ կայացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Մոսկվայի և Փհենյանի միջև առաջացած դիվանագիտական տարաձայնությունների պատճառով։
Լարվածությունը, ըստ ուկրաինական կողմի, առաջացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը։ Փհենյանը նման դիրքորոշումը համարել է երկու երկրների դաշնակցային հարաբերություններին չհամապատասխանող և պահանջել պարզաբանել Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կորեայի նկատմամբ։
ՀԳՎ-ի հաղորդմամբ՝ սահմանափակումները ներառում են նաև ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռների համար Հյուսիսային Կորեայի օդային տարածքի օգտագործման արգելքը։ Բացի այդ, Փհենյանը հետաձգել է Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորախմբի թվաքանակը 8500-ից մինչև 50 հազար զինծառայողի հասցնելու Մոսկվայի խնդրանքի կատարումը։
Միաժամանակ ուկրաինական հետախուզությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի զինվորական ստորաբաժանումները շարունակում են մնալ Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Հյուսիսկորեական հրթիռային ստորաբաժանում է տեղակայված նաև Վորոնեժի մարզում, որտեղից ռուսական ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինային։
Հետախուզական գերատեսչությունը ռազմական համագործակցության դանդաղեցման պատճառների թվում նշել է նաև հյուսիսկորեացի զինվորականների շրջանում մեծ կորուստները, լեզվական խոչընդոտները, թարգմանիչների պակասը և ռուսական հրամանատարության հետ փոխգործակցության խնդիրները։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար